Նոյեմբերի 16 2026
Երևանում մեկնարկել է «Կինոարդյունաբերության ֆորում 2026»-ը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի կինոոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի ֆինանսավորումը, միջազգային համարտադրության հնարավորություններն ու հայկական կինոյի զարգացման առաջնահերթությունները։ Ֆորումի արդյունքներով նախատեսվում է մշակել առաջարկությունների փաթեթ, որը կարող է հիմք դառնալ Հայաստանի կինոարդյունաբերության զարգացման 2026–2030 թվականների ճանապարհային քարտեզի համար։
Երկօրյա ֆորումը կազմակերպել են Հայաստանի կինոյի հիմնադրամը (CFA) և Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը (ICA)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ICA-ի նախագահ Կիրկոր Աժդերհանյանը, Գյոթե ինստիտուտ Հայաստանի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը և Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլի Մարագոսը։
Իր բացման խոսքում Վասիլի Մարագոսն ընդգծել է Հայաստանի և Եվրոպայի միջև ձևավորված սերտ կապերն ու կինոարտադրության ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի կինոյի հարուստ պատմություն և խոստումնալից ապագա, իսկ հայկական սփյուռքը կարող է կամուրջ դառնալ Հայաստանի և միջազգային կինոարդյունաբերության միջև։ Դեսպանը հույս է հայտնել, որ ֆորումի քննարկումները կհանգեցնեն գործնական արդյունքների և կնպաստեն միջազգային համագործակցության ընդլայնմանը։
«Հայաստանի կինոարդյունաբերության զարգացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ առաջնահերթություններ և պետական ու մասնավոր հատվածների շարունակական համագործակցություն»,– նշել է Ալֆրեդ Քոչարյանը։ Փոխնախարարը կարևորել է մասնագետների և միջազգային փորձագետների մասնակցությամբ այնպիսի առաջարկությունների մշակումը, որոնք կնպաստեն առաջիկա տարիների կինոքաղաքականության ձևավորմանը։
«Հայաստանի կինոյի հիմնադրամի համար առաջնահերթ է զարգացնել կինոարտադրության աջակցության արդյունավետ մեխանիզմները, խթանել միջազգային համարտադրությունները և նպաստել հայկական կինոյի մրցունակության բարձրացմանը»,– ընդգծել է Դավիթ Բանուչյանը։ Նա նշել է, որ ֆորումի ընթացքում ձևավորված առաջարկությունները կարող են գործնական հիմք դառնալ առաջիկա տարիների ռազմավարական քայլերի համար։
«Հայկական կինոն միջազգային հարթակում ներկայանալու և նոր գործընկերություններ ձևավորելու մեծ ներուժ ունի։ Այդ ներուժն ամբողջությամբ իրացնելու համար անհրաժեշտ է ամրապնդել կապերը Հայաստանի, Սփյուռքի և միջազգային կինոհամայնքի միջև»,– նշել է Կիրկոր Աժդերհանյանը։
Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել կինոյի մշակութային դերին ու մեղմ ուժի ներուժին, ոլորտի ֆինանսավորմանն ու իրավական կարգավորմանը, Հայաստանում միջազգային արտադրություններ ներգրավելու հնարավորություններին և սփյուռքի հետ մասնագիտական կապերին։
Ֆինանսավորմանը, պետական քաղաքականությանն ու մասնավոր ներդրումներին նվիրված քննարկմանը Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի հետ մասնակցել են Էստոնիայի կինոյի ինստիտուտի գործադիր տնօրեն Էդիթ Սեպը, Եվրոպական տեսալսողական դիտարանի իրավական տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Սոֆի Վալեն և Եվրոպական կինոգործակալությունների տնօրենների ասոցիացիայի (EFAD) գլխավոր քարտուղար Սևարա Իրգաչևան։ Մասնակիցները քննարկել են կինոարտադրության աջակցության տարբեր մոդելներն ու ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման հնարավորությունները։
Առանձին քննարկումներ են նվիրված Հայաստանում կինոարտադրական ենթակառուցվածքների զարգացմանը և հայկական սփյուռքի ներգրավմանը։ Սփյուռքի հետ համագործակցության շուրջ իրենց փորձն ու տեսակետներն են ներկայացրել ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը, ամերիկահայ դերասան և ռեժիսոր Մայքլ Գուրջյանը, FANGORIA Studios-ի ավագ փոխնախագահ Արմեն Աղաեյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նոյեմբերի 15-ին քննարկումները կշարունակվեն կինոկրթության և մասնագիտական հմտությունների զարգացման, միջազգային համարտադրության և փառատոնային ռազմավարությունների թեմաներով։ Դավիթ Բանուչյանը կմասնակցի կինոյում և անիմացիայում արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների կիրառմանը նվիրված քննարկմանը։
Ֆորումը կեզրափակվի լիագումար նիստով, որի ընթացքում կամփոփվեն պանելային քննարկումներում հնչած առաջարկներն ու կդիտարկվեն դրանց իրականացման հնարավորությունները։ Դրանց հիման վրա մշակվող առաջարկությունների փաթեթը կներկայացվի ոլորտի շահագրգիռ կողմերին և պետական կառույցներին։
«Կինոարդյունաբերության ֆորում 2026»-ն անցկացվում է նոյեմբերի 14–15-ին Երևանում՝ DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցում։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը