Նոյեմբերի 26 2026
Նոյեմբերի 24-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Ստորագրումը տեղի է ունեցել ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում՝ հայ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին նվիրված ցուցահանդեսի բացման շրջանակում։
Հուշագրով կողմերը նախատեսում են զարգացնել համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն ընդգծել է, որ համագործակցության առաջնահերթություններից է հայ մշակույթի և գիտության նշանավոր գործիչների ժառանգությունը նոր սերունդներին փոխանցելը։
«Այս համագործակցության կարևոր նպատակներից մեկը մեր մեծերի պատմությունները նոր սերունդներին փոխանցելն է։ Վստահ եմ, որ այն թույլ կտա արժևորել և ներկայացնել մեր մեծերի ժառանգությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս»,– նշել է Դավիթ Բանուչյանը։
Ցուցահանդեսի բացմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Հրաչյա Աճառյանի ներդրմանը հայ լեզվաբանության մեջ և կարևորել նրա գիտական ժառանգության արժևորումը։