Մարտի 25 2021
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները, նախաձեռնել են հանդիպումների շարք՝ անկախությունից հետո Հայաստանում հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունների (դեսպաններ, մշակութային խորհրդականներ և այլն) ղեկավարների հետ։ Շարունակական հանդիպումները միտված են հոբելյանական տարվա շրջանակներում ևս մեկ անգամ արժևորելու կինոարվեստի ոլորտում տեղ գտած զարգացումներն ու համագործակցության շրջանակները։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հրավերով մարտի 25-ին կայացավ հանդիպում՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կ․Դ․Դեվալի հետ, որին մասնակցում էին Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Թեջաս Սանջայ Պաջարը, կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և կինոկենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նաիրա Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվեցին հայ-հնդկական վաղեմի բարեկամության, մշակութային կապերի ու կինոհամագործակցության նոր ուղիների և հեռանկարների հարցերը:
Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, հույս հայտնեց, որ այս տարիներին ձևավորված դիվանագիտական հարաբերությունները իրենց արտահայտությունը կգտնեն նաև կինոարվեստում, «Մենք գիտենք, որ այս տարի լրանում է հնդկական կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր բազմաթիվ ֆիլմերի հեղինակ, օսկարակիր Սաթյաջիտ Ռայի 100-ամյակը: Այս առիթով ցանկալի է համատեղ միջոցառումներ կազմակերպել, ևս մեկ անգամ արժևորելու հայ և հնդիկ ժողովուրդների կինոարվեստը»։
Տիկին Միրզախանյանը փաստեց, որ կինոկենտրոնը կարող է կապող օղակ հանդիսանալ և կամրջել երկու երկրների կինոարտադրողներին, պրոդյուսերական կինոընկերություններին՝ համատեղ հարթակ հիմնելու, որը հնարավորություն կընձեռնի սկսելու երկկողմ նոր համագործակցություն։
Հնդիկ դիվանագետն էլ իր հերթին նշեց և առաջարկեց, որ հաջորդ տարի լրանում է Հնդկաստանի անկախության 75 և Հայաստանի ու Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակները, և այդ երկու կարևոր հոբելյանները կնշվեն տոնական լայնածավալ ծրագրով՝ նվիրված հնդկական և հայկական կինոյին։
Որոշվեց առաջիկայում հստակեցնել ծրագրի գործողությունների հետագա քայլերը և անցնել դրանց իրականացմանը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը