Հունիսի 23 2021

Սեպտեմբերի 23-25-ը Երևանում կկայանա Իրանական ժամանակակից ֆիլմերի եռօրյա ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։ Կինոցուցադրումներին զուգահեռ, այդ օրերին կանցկացվեն նաև մի շարք ճանաչողական և գործնական կինոմիջոցառումներ, որոնք երեսնամյա դիվանագիտական ու բարեկամական կապերի արդյունքում ստեղծված համագործակցության լավագույն դրսևորումները կդառնան։

Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնում օրերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու ԻԻՀ-ի մշակույթի խորհրդական պարոն Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային քննարկեցին սեպտեմբերին կայանալիք միջոցառումների մանրամասները։ Պարոն Թաբաթաբային նշեց, որ այս միջոցառումները երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին նվիրված լայնամասշտաբ ծրագրերի մի փոքր հատվածն են։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին և որոշեցին հետագայում իրանական ֆիլմերի երևանյան ցուցադրությունները դարձնել ամենամյա շարունակական ծրագիր, որը կունենա տարաբնույթ բաղադրիչներ, այդ թվում՝ համատեղ կինոարտադրության, կրթական ու մասնագիտական փորձի փոխանակման։ Հաջորդ տարի նախատեսվում է համանման մի ծրագիր՝ հայկական կինոյի օրեր, կազմակերպել Իրանում։

Կողմերը անդրադարձան նաև համատեղ այլ ծրագրերի աշխատանքներին, որոնք նախատեսվում են իրականացնել ավելի ուշ։ Տիկին Միրզախանյանը հայտնեց իր պատրաստակամությունը և նշեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը բաց է համագործակցության համար և կանի հնարավոր ամենը, որ հետագայում ունենանք շոշափելի և հաստատուն համագործակցության արդյունքներ։

Առաջիկայում կհստակեցվեն գործողությունների ժամանակացույցը և հաջորդ հանդիպման ընթացքում արդեն կամբողջացվեն միջոցառումների վերջնական ծրագրերը։

 

Հիշեցնենքոր 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում վերաստորագրեցին դեռևս 2017 թգործող կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը։

Սույն համաձայնագիրը ենթադրում է գործակցության բազմազան ուղղություններ՝ նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը