Նոյեմբերի 02 2021
Կայացավ «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ» միջազգային գիտաժողովը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված կինոգիտական անդրանիկ միջոցառումն էր։ Գիտաժողովն անցկացվում էր Յունեսկոյի հովանու ներքո՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին։
Գիտաժողովին մասնակցում էին բանախոսներ` Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ Գիտաժողովի պատվավոր հյուրն էր Անրի Վերնոյի որդին՝ ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը, որը ներկայացրեց իր անվանի հոր գործունեության վերաբերյալ բազմաթիվ ուշագրավ դրվագներ։
Եռօրյա գիտաժողովը ներառում էր սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերի, խորհրդային տարիների և սոցիալիստական կինո ժառանգության պատմությանն առնչվող թեմաների լայն շրջանակ: Գիտաժողովի նշանակալի բացահայտումների թվում էին սփյուռքահայ կինոյի վաղ՝ 1920-ական թվականներից մինչ այժմ անհայտ տվյալներ, Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» չեղարկված ֆիլմի վերաբերյալ նոր հետազոտություն, խորհրդային տարիների հայ կինոժառանգության անտեսված բազմամշակութային կողմերը, իտալահայ ռեժիսոր Երվանդ Ջանիկյանի ստեղծագործության հայկական առանցքը, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված տեսարանների և կադրերի բացառիկ հետազոտական արժեքը, հայ կինոյի պատմության տեսական մոտեցումները։
Միջոցառման առաջին օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Անրի Վերնոյի ֆիլմերի պաստառների ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև «Շաբաթավերջը Զյույդկոտում» (1964թ․) ֆիլմի ցուցադրությունը:
Գիտաժողովի ավարտին այցելեցինք «Արմենիա Վայն» ընկերություն, որտեղ կայացավ փակման արարողությունը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով» նախագծի պրոդյուսեր Դանիել Բըրդի համատեղ ջանքերի շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան», «Կիևյան որմնանկարներ» և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» ֆիլմերի (փարաջանովյան տրիպտիխ) 35մմ ժապավենային տարբերակները Դանիել Բըրդը հանդիսավոր կերպով հանձնեց կինոկենտրոնին, որոնք կներառվեն կինոկենտրոնի արխիվային մշտական հավաքածուի մեջ: Միաժամանակ ստորագրվեց պայմանագիր Պատրիկ Մալաքյանի և «Արմենիա Վայն» ընկերության միջև, որով ընկերությունը ստացավ Անրի Վերնոյի անունով գինի և կոնյակ արտադրելու հեղինակային իրավունքը:
Միջոցառման արդյունքները կամփոփվեն կինոկենտրոնի կողմից թողարկվելիք ժողովածուում, որում կզետեղվեն գիտաժողովում ներկայացված զեկույցները: Սույն հրատարակության միջոցով հնարավոր կլինի ավելի լայն միջազգային գիտական շրջանակներում շրջանառել հայկական և խորհրդային կինոյի վերաբերյալ նոր հայացքներն ու հետազոտությունները։ Իր ծավալով աննախադեպ այս գիտաժողովը նաև կարևոր հարթակ էր Հայաստանյան և արտերկրյա մասնակիցների միջև փորձի փոխանակման ու նոր կապերի հաստատման առումով։ Հայաստանում կինոգիտության զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնը նպատակ ունի այս գիտաժողովը դարձնել պարբերական, երկամյա, միջազգային միջոցառում: