Դեկտեմբերի 07 2021
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական համերգ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որը ողջունելով ներկաներին, կարևորեց Անրի Վերնոյի նշանակալից վաստակն ու ժառանգությունը ֆրանսիական ու հայկական կինոյի պատմության մեջ։ Համերգին ներկա էին Վերնոյի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Պատրիկ Մալաքյանը, և «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը:
Երեկոյի ընթացքում բեմում էին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), սիրված ու հայտնի երգիչներ Իլոնա Սագիևան, Ջուլիանա Գրիգորյանը, Հայկ Պետրոսյանը և դուդուկահար Լևոն Մինասյանը (Ֆրանսիա): Հնչեցին մեղեդիներ Անրի Վերնոյի ֆիլմերից, ինչպես նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի սիրված երգերը:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ. օրացույցում:
Լուսանկարները տրամադրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը