Փետրվարի 03 2012

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի գլխավորած Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, փակ գաղտնի քվեարկությամբ արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը: Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

 

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացված 103 ֆիլմերը` հեղինակների հայեցողությամբ առաջադրվել էին տարբեր անվանակարգերում:

 

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված 20 հայտից երեքը դարձան հավակնորդներ. ռեժիսորներ Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի եւ Վիգեն Չալդրանյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ժանո» եւ «Ձայն բարբառո…» ֆիլմերը:

 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 18 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ դարձան` ռեժ. Հարություն Խաչատրյանը «Սահման», ռեժ. Դմիտրի Կեսայանցը «Անիծվածները» եւ ռեժ. Վիգեն Չալդրանյանը «Ձայն Բարբառո…» ֆիլմերից:

 

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 15 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Վավերագրողը» եւ «Սահման» ֆիլմերի օպերատորները` Լեւոն Աթոյանցը, Վահագն Տեր-Հակոբյանը եւ Վրեժ Պետրոսյանը:

 

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 21 ֆիլմից ընտրվեցին Առնոլդ Աղաբաբով - Զորայր Խալափյան, Միքայել Ստամբոլցյան - Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան - Ա. Այվազյան - Ա. Ստեփանյան` «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Պոետի վերադարձը» եւ «Ձայն բարբառո…» ֆիլմերի սցենարիստները:

 

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 9 հայտից ընտրվեցին «Քրմուհին», «Ժանո» եւ «Մի նայիր հայելուն» ֆիլմերի նկարիչներ` Վիգեն Չալդրանյան - Վարդան Սեդրակյան եւ Վարդան Սեդրակյանը մյուս 2 ֆիլմերից:

 

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 18 ֆիլմից ընտրվեցին Վահագն Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը եւ Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», «Մաեստրո» եւ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերից:


«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 10 հայտից ընտրվեց Աննա Էլբակյանը, Անահիտ Հարությունյանը եւ Ռուզան Վիթ Մեսրոպյանը` «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ուրախ ավտոբուս» եւ «Քրմուհին» ֆիլմերից:

 

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 20 հայտից քվեարկության արդյունքում ընտրվեցին Ժան Պիեր Նշանյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ Միքայել Պողոսյանը «Ժանո», «Ընկեր Փանջունի» եւ «Երեւան, ջան» ֆիլմերից:


«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 24 ֆիլմերից ընտրվեցին Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա», Վահե Գեւորգյանցի «Մեծ տոն» եւ Արման Չիլինգարյանի «Ցատկերթ» ֆիլմերը:

 

Առավել ծանր է եղել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, քանի որ այստեղ ներկայացված են եղել թվով ամենաշատ` 36 հայտերը, որոնցից ժյուրին ընտրեց Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն», Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» եւ Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը:


«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեցին Դավիթ Սահակյանի «Հայրեններ», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» եւ Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմերը:

 

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 13 հայտից ընտրվեցին Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Գուժ Թադեւոսյանի «Մարգար պապ» եւ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

 

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները` 12 լավագույնները հայտնի կդառնան մարտի 18-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:

 

Հավակնորդ բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում եւ հեռուստատեսությամբ, նախապես կազմված ցանկի համաձայն: Ժամկետների եւ սեանսների մասին նախապես կտեղեկացվի հանրությանը:

 

Տեղեկացնենք նաեւ, որ մրցանակաբաշխության հաշվիչ հանձնաժողովը բաղկացած էր 4 անձից. կինոքննադատ` Րաֆֆի Մովսիսյան, «Առավոտ» օրաթերթի մշակութային թղթակից Գոհար Հակոբյան, Erevan.ru լրատվական գործակալության թղթակից Ռուբեն Իշխանյան եւ պրոդյուսեր Սահականուշ Սահակյան:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը