Մարտի 19 2012
Մարտի 18-ին` Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, ամփոփվեցին Ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները: «Հայակ» կինոմրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է հայկական կինոպատմության մեջ: Առաջին «Հայակները» շնորհվեցին հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ դրանց հեղինակներին: Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, «Օրանժ Արմենիա» ընկերությունը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Հայկական կինոյում ունեցած ավանդի համար «Հայակ» մրցանակ շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց «Օրանժ» ընկերությանը: «Լավագույն դեբյուտ» անվանակարգում մրցանակ ստացավ Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»): «Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները», «Լավագույն վավերագրական ֆիլմ»` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերիցը»: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին («Որտե՞ղ էիր, մարդ աստծո»): «Լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Վարդան Սեդրակյանին: «Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը («Երեւան ջան»), իսկ «լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը («Որտե՞ղ էիր, մարդ աստծո»): «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): Ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմն» անվանակարգում մրցանակը շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»):
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը