29 September 2010

Մինչև 1991թ. Հայաստանում պլանային տնտեսության պայմաններում կինոարտադրանքի իրացման հիմնախնդիր չի եղել. գոյություն ունեին հաստատություններ (կինոթատրոններ, կինոպրոկատ, կինոցանցեր), որոնք հստակ մշակված մեխանիզմով Հայֆիլմի արտադրանքը հասցնում էին հանդիսատեսին:

 

Հայաստանի անկախացումից հետո իրավիճակը տրամագծորեն փոխվեց, կինոյի տարածման խողովակները վերացան: Հայ կինոյի խորհրդային շրջանի հետահայաց ցուցադրության խնդիրն այսօր, թեկուզև տարերայնորեն, ստանձնել են հայկական հեռուստաալիքները, սակայն հայ հանդիսատեսը բավական աղոտ պատկերացում ունի ժամանակակից արտադրանքի մասին: Որոշ փառատոների կամ այլ միջոցառումների շրջանակներում կազմակերպվող ցուցադրությունները բավարար չեն հայ հանդիսատեսի պահանջմունքները բավարարելու, շուկայում մշտական ներկայություն ապահովելու և ժամանակակից հայ կինոն մշակութային կյանքի բաղկացուցիչը դարձնելու համար:

 

Այս խնդիրներն իրականացնելու համար այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կիրականացվի «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ամիս ծրագիրը, որը կընդգրկի վերը նշված բոլոր բաղադրիչները: Նախատեսվում է այսուհետ հոկտեմբերը հայտարարել ազգային կինոյի ամիս և ամեն տարի նույն ամսին անցկացնել ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ մայրաքաղաքում եւ մարզերում: «Կինոաշուն» ծրագրի առաջնային նպատակն է ամեն տարի մեկ ամիս մայրաքաղաքում եւ մարզերում իրականացնել ինչպես ազգային կինոֆոնդում պահպանվող ֆիլմերի ցուցադրությունն ու տարածումը, այնպես էլ ժամանակակից հայ կինոարտադրանքի մասսայական տարածումը և հայ ժամանակակից կինոյի մասին հասարակական կարծիքի ձևավորումը, արդի հայ կինոն հայ հանրության մշակութային կյանքի անքակտելի բաղկացուցիչ դարձնելը:

 

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը կմեկնարկի «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 11-ին: Մինչեւ նոյեմբերի 10-ը ներառյալ այստեղ երեւանցիները կդիտեն հայկական կինոյի արժանահիշատակ ֆիլմերի բազմազան պրեմիերաներ, հոբելյաններ: Միաժամանակ, մեկամսյա կինոցուցադրություններ կիրականացվեն նաեւ մայրաքաղաքի բոլոր այն սրահներում, որտեղ հնարավոր է կազմակերպել կինոցուցադրություններ, այդ թվում` Հայաստանի ազգային պատկերասրահի, «Նարեկացի» արվեստի կենտրոնի, Տիկնիկային թատրոնի եւ երկու արվեստի բուհերի դահլիճներում (Երեւանի թատրոնի եւ կինոյի եւ մանկավարժական ինստիտուտների): Բացի այս, մայրաքաղաքի կինոսիրող հանրությանը հնարավորություն կընձեռվի երկու բացօթյա «կինոթատրոններում»` Կասկադում եւ Սիրահարների այգում, չորս շաբաթ շարունակ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին դիտել իրենց համար հարազատ եւ սիրելի դարձած ֆիլմերը, այդ թվում` «Կարինե», «Հարսնացուն Հյուսիսից», «Առաջին սիրո երգը», «Նամուս», «Շորն ու Շորշորը»` համր, «Պեպո», «Շիրակի մեղեդիները», մանկական ֆիլմերի ծրագիր եւ այլն:

 

Ծրագիրը ավելի նպատակային եւ ամբողջական դարձնելու նպատակով բուհերում կցուցադրվեն անկախությունից հետո արտադրված ժամանակակից ֆիլմերը, որոնց համար կինոյի ամսվա շրջանակներում հայտարարվելու է լավագույն գրախոսականների մրցանակաբաշխություն (ուսանողների շրջանում):

 

Մրցութային հանձնաժողովի անդամներն են` Դավիթ Մուրադյանը, Սուրեն Հասմիկյանը, Նունե Հախվերդյանը, Անետա Երզնկյանը եւ այլք: Ծրագրի աշխատակազմի որոշմամբ, մարզային կինոծրագրերում եւս ընտրված են ժամանակակից հայ ռեժիսորների գործերը: Այս տարի, քանի որ ծրագիրը ընդունվեց օգոստոսի 20-ից հետո, կինոցուցադրությունների համար ընտրվել են միայն չորս` Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերը, սակայն հաջորդ տարի կընդգրկվեն բոլորը: Մայրաքաղաքի համար ընտրված ֆիլմերը մեկը մյուսին չեն կրկնելու` նախապես ծրագրերը կտարածվեն: «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կբացվի նաեւ ֆոտոցուցահանդես:

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը