Փետրվարի 29 2012

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, պրոդյուսերների աջակցման իր ծրագրի շրջանակներում, հայտարարում է Կաննի 65-րդ կինոփառատոնի կինոշուկային մասնակցելու նախագծերի և ֆիլմերի հայտերի ընդունելություն:

 

Կինոկենտրոնը, հիշյալ ծրագրի շրջանակներում, հնարավորություն կընձեռի հայաստանցի կինոպրոդյուսերներին մասնակցելու խոշորագույն այդ կինոշուկային` ներկայացնելով ֆիլմեր կամ կինոնախագծեր դիստրիբյուտորներին, կինոհիմնադրամներին, ինչպես նաև՝ համատեղ արտադրությամբ հետաքրքրված պրոդյուսերներին և կինոընկերություններին:

 

Ընտրված մասնակիցների համար կինոկենտրոնը կկազմակերպի կինոշուկային մասնակցելու հավատարմագրում (ակրեդիտացիա), կտրամադրի տաղավար հանդիպումների անցկացման համար, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, խորհրդատվություն նախագծի փաթեթի ներկայացումից մինչև հանդիպումների ծրագրավորում և անցկացում, թարգմանչի օգնություն նախագծի աշխատանքային տարբերակի ներկայացման (pitch/presentation) համար, ինչպես նաև՝ մասնակիորեն կհոգա կեցության ծախսերը:

 

Հայտի համար անհրաժեշտ է ներկայացնել՝

 

- Կաննի կինոշուկայում մասնակցության խնդիրներն ու նպատակները նկարագրող նամակ (ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել կինոշուկային, ի՞նչ հանդիպումներ եք պլանավորում ունենալ, ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում, ի՞նչ հետագա քայլեր եք նախաձեռնելու նախագիծը կամ ֆիլմը կյանքի կոչելու համար):

- նախագծի կամ ֆիլմի պրոդյուսերական փաթեթ,

- թրեյլեր կամ այլ տեսալսողական նյութեր,

- տեղեկություններ արտադրող ընկերության վերաբերյալ,

- ցանկալի է ներկայացնել նաև նախագծի կայքը կամ բլոգը:

 

 

Մրցույթի առաջին փուլն անցած պրոդյուսերները պետք է նաև նախագծի կամ ֆիլմի 5-րոպեանոց աշխատանքային տարբերակի շնորհանդես (pitch/presentation) պատրաստեն և ներկայացնեն՝ անգլերեն լեզվով:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2012 թվականի մարտի 10-ն է:

Մանրամասների համար խնդրում ենք դիմել՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն

Հասցե` Պուշկինի 38
Հեռ.` 50 02 30

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը