Հունիսի 21 2012
Մոսկվայի միջազգային 34-րդ կինոփառատոնում այս տարի հայկական կինոն կունենա պատշաճ ներկայություն: Հունիսի 21-ից մեկնարկած կարեւոր այս փառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր` Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսերներ` Միքայել Պողոսյանի և Թերեզա Վարժապետյանի «Եթե բոլորը…» ֆիլմը:
Մոսկովյան փառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերերի (EAVE) համատեղ արտադրության ֆորումում կներկայացվեն հայկական մի քանի նախագծեր, այդ թվում` Եվրոպական լավագույն կինոնախագծերի BEST մրցույթում ընդգրկված ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի, սցենարիստներ Մարինե Զաքարյանի և Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» (Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) կինոնախագիծը:
Համատեղ արտադրության ֆորումում ընտրված 23 նախագծերի մեջ են նաեւ «Կորած թռչուններ» ֆիլմը (արտադրողներ` «Kara Kedi Film» Թուրքիա, «Պարալլես ֆիլմ»` Հայաստան, թուրքական կողմի ռեժիսորն ու պրոդյուսերն են Արեն Պերդեցին եւ Էլա Ալյամաչը, իսկ հայկականից` Հովհաննես Գալստյանը) և «Բարս մեդիա» ընկերության «Ձգված լարի վրա» ֆիլմը, որի ռեժիսորն է Լևոն Մինասյանը, իսկ պրոդյուսերը` Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ներկայացված բոլոր նախագծերը միջազգային համատեղ արտադրության աշխատանքներ են և իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Բացի այս, Մոսկվայում ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինության հանձնարարությամբ հանդիպումներ կունենա «Ռուսսիկո» ընկերության պատասխանատուների հետ` քննարկելու, դեռեւս Կաննում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, ֆիլմերի փոխանակման, դիստրիբուցիայի եւ վերականգնման հարցերը: Փառատոնի փակումը տեղի կունենա հունիսի 30-ին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը