Հոկտեմբերի 05 2015

ՀՀ Մշակույթի նախարարությունում նոյեմբերի 3-ին ստորագրվել է համագործակցության Համաձայնագիր Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) միջև:

 

Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, իսկ արգենտինական կողմից՝ Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) լիազոր ներկայացուցիչ Սիլվանա Ջարմոլուկը:

 

Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել երկկողմ (Հայաստանում և Արգենտինայում) համագործակցության լայն դաշտ տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել և համակարգել հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարածումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում:

 

Երկկողմ համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը:

 

Սույն փաստաթղթի շրջանակներում, կողմերը նախապես պետք է մշակեն գործողությունների համաձայնեցված ժամանակացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաև երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում:

 

Համաձայնագրի շրջանակում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը