Մայիսի 31 2012
2012թ. Կաննի փառատոնի շրջանակներում (մայիսի 16-27) գործող կինոշուկայում հայկական տաղավարի ներկայությունը արդեն չորրորդ անգամ եղել է բեղմնավոր եւ արդյունավետ: Հայկական տաղավարն այս տարի աննախադեպ աշխույժ եւ մարդաշատ է եղել: Տասն օրերի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարեւոր եւ լուրջ հանդիպումներ, քննարկումներ միջազգային ճանաչում ունեցող դիստրիբյուտորական եւ պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի պատասխանատուների հետ: Հայկական տաղավարում կազմակերպվել եւ ներկայացվել են շուրջ 10 կինոնախագիծ, ինչպես նաեւ արտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմեր:
Հիշեցնենք, որ այս տարի հայկական պատվիրակությունը բազմամարդ էր. կինոշուկայում ներկայացվելիք բոլոր կինոնախագծերի եւ ֆիլմերի հեղինակներին կինոկենտրոնը հնարավորություն էր ընձեռել անձամբ մասնակցելու կինոշուկայի աշխատանքներին, ներկայացնելու եւ գործընկերներ գտնելու իրենց իսկ նախագծերի համար: Այս ձեւաչափով մասնակցությունը առաջին անգամ էր կազմակերպված եւ հավանաբար շարունակական կդառնա:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գեւորգյանը, որը եւ գլխավորում էր հայկական պատվիրակությունը, երեք աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոի եւ կենտրոնի մասնագիտական խմբի հետ (այս տարի Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր) քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում` կինոյի մասին օրենքի նախագծի պատրաստում երկու երկրների փորձագիտական խմբերի կողմից, հեղինակային իրավունքի եւ ֆիլմերի պահպանության խնդիրները, վարպետության դասերի անցկացում` Հայաստանում ֆրանսիական կողմի ուժերով, կինոմասնագետների, տեխնիկական կադրերի պատրաստում Ֆրանսիայում:
Մինչեւ տարեվերջ արդեն 1-2 պրոդյուսեր կմեկնեն Ֆրանսիա վերապատրաստման, իսկ հաջորդ տարվանից արդեն պարբերաբար կվերապատրաստվեն նաեւ տեխնիկական մասնագետները: Գ. Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ 2013թ. երկու երկրների ազգային կինոկենտրոնները կսկսեն համագործակցել ամբողջական ծավալով, մասնավորապես համատեղ արտադրության ուղղությամբ, քանի որ այս տարի արդեն Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվել են երկու անավարտ կինոծրագրեր` Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» եւ Սերժ Ավեդիքյանի «Փարաջանովը»: Ըստ նախնական պայմանավորվածության, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները կֆինանսավորեն եւս երկու նոր նախագծեր: Ազգային կինոկենտրոնի տնօրենը հանդիպել է նաեւ Եվրոպական աուդիո-վիզուալ օբզերվատորիայի տնօրեն Վոլֆգանգ Քլոզի հետ, քննարկել Հայաստանի անդամակցության հարցը այդ կարեւոր կինոկազմակերպությանը, որին անդամակցում են աշխարհի 38 կարեւոր կինոֆոնդեր եւ կինոընկերություններ: Ներկայումս եվրոպական այդ հզոր կինոկառույցը ունի 38 անդամ, եւ շուտով Հայաստանը կդառնա 39-րդը:
Հայաստանի նման փոքր կինոբյուջե ունեցող երկրի համար այս անդամակցությունը շատ կարեւոր է, ինչպես տեղեկատվական, այնպես էլ ֆինանսական առումով: Գ. Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել չինական պետական 2-րդ հեռուստաալիքի պատասխանատուների հետ, քննարկել երկու երկրների միջեւ կինոհամագործակցության սկսելու հարցերը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆիլմերի փոխանակման եւ ցուցադրման վերաբերյալ, որոշվել է Հայաստանի եւ Չինաստանի մասին տեղեկատվական բնույթի ֆիլմերի նկարահանման եւ ցուցադրման հարցերը:
Ազգային կինոկենտրոնի ղեկավարը հանդիպել է նաեւ Ruscico դիստրիբյուտորական ընկերության ֆիլմերի վերականգնողական հարցերով տնօրեն Իգոր Լոպատյուկի հետ, քննարկել հայկական ֆիլմերի վերականգնման եւ դրանց դիստրիբյուցիան կազմակերպելու հարցերը: Բացի այս, Գ. Գեւորգյանը բազմաթիվ այլ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների կինոընկերությունների, ֆոնդերի եւ դիստրիբյուտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ Գ. Գեւորգյանի, նախորդ տարիների համեմատ այս անգամ հայկական տաղավարի եւ հայկական կինոնախագծերի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել: Մասնակից ռեժիսորներն ու պրոդյուսերները առանձին հանդիպումներ են ունեցել տարբեր կինոընկերությունների ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերել: Հայկական բոլոր կինոնախագծերի շնորհանդեսները տեղի են ունեցել կինոշուկայի հայկական տաղավարում, բացի Հովհաննես Գալստյանի կինոնախագծից: Նրա «Լուսավոր շրջան» ֆիլմի նախագիծը ներկայացվեց ռուսական տաղավարում` նախնական պայմանավորվածության համաձայն: Հենց Կաննում էլ հայտնի դարձավ, որ ռեժիսորի նույն կինոնախագիծը, որը մասնակցել է «EAVEN BEST» ծրագրում, 5 հաղթած նախագծերից մեկն է: Այդ ծրագրին մասնակցած 60 կինոնախագիծ ընտրվել են հինգը, որոնցից 1-ը վրացական, 3-ը` ռուսական եւ 1-ն էլ հայկական ֆիլմ է:
Կից ներկայացնում ենք Կաննի նախագծերի ցանկը.
«Բարս մեդիա» - Լեւոն Մինասյան - «Ձգված լարի վրա»
«Մենարտ ստուդիա» - Արտակ Իգիթյան - «20»
«Սինեքրիստ» - Խաչատուր Մարտիրոսյան - «Ներիր ինձ»
«Պարալլելս ֆիլմ» - Հայաստան եւ «Նեոֆիլմ» - Նորվեգիա - Յուսսի Ֆլեմինգ Բյորն «Անհայտ հերոսուհին»
«Պարալլելս ֆիլմ» - Հովհաննես Գալստյան - «Լուսավոր շրջան»
«Պարալլելս ֆիլմ» - Մարինե Զաքարյան «Կիսալուսնի ծովածոցը»
Արսեն Առաքելյան - «Վասն աթարաց»
«Արդստեպ ստուդիա» - Արմինե Հարությունյան - «Աշխարհի հեքիաթներ», «Դանթե», «Բալետ», «Ֆուտբոլ»
«Հայկ» կինոստուդիա - վավերագրական նյութեր
«Հոշկիֆիլմ» ստուդիա - Արմինե Անդա - «Ժաննան եւ ձայները»
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը