Նոյեմբերի 04 2026
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 18-րդ միջազգային փառատոնին ընդառաջ Կինոյի տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ներկայացրել է Հիմնադրամի մասնակցությամբ իրականացվող երկու հատուկ ծրագրերը։ Դրանք նվիրված են հայկական անիմացիոն կինոժառանգությանը և ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավետիքյանի ստեղծագործությանը։
Առաջին հատուկ ծրագիրը՝ «Անիմացիա առանց կանոնների» խորագրով, ներառում է հայկական անիմացիոն կինոժառանգության ինը ֆիլմ։
Ծրագրի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու հայկական անիմացիայի գեղարվեստական առանձնահատկություններին, ստեղծագործական ազատության դրսևորումներին և կինեմատոգրաֆիական արտահայտչամիջոցների բազմազանությանը։
Ծրագիրը նպատակ ունի նպաստելու հայկական անիմացիոն ժառանգության հանրահռչակմանը և այդ ստեղծագործությունները նոր հանդիսատեսին ներկայացնելուն։
Երկրորդ հատուկ ծրագիրը նվիրված է ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի ստեղծագործությանը։
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենա նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների հանդիսավոր բացումը։
Երեկոյի ընթացքում կներկայացվեն ռեժիսորի երեք անիմացիոն ֆիլմերը, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին արժանացած «Շան պատմությունը»։
Ծրագիրը հնարավորություն կտա հանդիսատեսին ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող ֆրանսահայ կինոգործչի անիմացիոն ստեղծագործություններին։
Կինոժառանգության հանրահռչակումը՝ հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություն.
Մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն ընդգծել է կինոժառանգության պահպանման հետ մեկտեղ դրա հանրային հասանելիությունն ապահովելու կարևորությունը։
«Ժառանգությունը պահպանելու համար բավարար չէ այն պարզապես պահել արխիվում։ Կարևոր է, որ այն շարունակի ապրել էկրանին և գտնի իր հանդիսատեսին», - նշել է Դավիթ Բանուչյանը։
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններից են հայկական կինոժառանգության պահպանումը, վերականգնումը և հանրահռչակումը։ Այս համատեքստում փառատոնի շրջանակում ներկայացվող ծրագրերը հնարավորություն են ստեղծում հայկական անիմացիոն կինոյի տարբեր ստեղծագործությունները կրկին ներկայացնելու մեծ էկրանին և հասանելի դարձնելու ժամանակակից հանդիսատեսին։
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 18-րդ միջազգային փառատոնը Երևանում կանցկացվի նոյեմբերի 7–14-ը։
Հայաստանի կինոյի հիմնադրամը հրավիրում է կինոսերներին մասնակցելու հատուկ ծրագրերի ցուցադրություններին։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը