Հունիսի 12 2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային խումբը 2023-ի մայիսի 16-26-ը մասնակցել է Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնին և նրա շրջանակներում անցկացվող ամենամյա Marche du Film կինոշուկայի աշխատանքներին: Այս տարի հայկակական ներկայությունը Կաննի միջազգային 76-րդ կինոփառատոնում եղել է աննախադեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համար, քանզի Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմի ամբողջական վերականգնված տարբերակը (2 ժամ, 15 րոպե տևողությամբ) հավանության էր արժանացել Cannes Classics ծրագրի ընտրական հանձնաժողովի կողմից և ընդգրկվել այս տարվա ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում։
Մայիսի 25-ին՝ Կաննում, Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունն անցել է մեծ շուքով, ներկա են եղել բազմաթիվ արտասահմանյան հյուրեր և ոլորտի գիտակներ (Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, MK 2 ընկերության նախագահ Նաթանիել Կարմիզը, Կենտրոնական Եվրոպայի երկրների կինոյի գծով մասնագետ՝ Ջոյել Շոպրոնը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Եվրիմաժի փոխտնօրեն Սյուզեն Նյումանը, Կաննում հայ համայնքի ղեկավար Յասմին Յարդիմյանը և այլք)։
Ի դեպ, ֆիլմի թվանշային վերականգնումը իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման աշխատանքները՝ Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիան։
«Բարև, ես եմ» ֆիլմի ցուցադրությունը Կաննի կինոփառատոնի Cannes Classics ծրագրում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հայ կինոյի հոբելյանական նախաձեռնություներից մեկն է: Այն նպատակ ունի հանրահռչակել հայկական հարյուրամյա կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը: «Բարև, ես եմ»-իի փառատոնային ցուցադրությունն էլ հենց առիթ հանդիսացավ ձեռք բերելու նոր գործընկեր՝ ի դեմս MK2 ընկերության և նրա տնօրեն Նաթանիել Կարմիցի։ MK2 ընկերությունն աշխարհի առաջատարներից է ֆիլմերի դիստրիբյուցիայի ու վաճառքի ոլորտում: Ընկերության տնօրեն Նաթանիել Կարմիցը և Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը կնքեցին Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) վերականգնված ֆիլմի համաշխարհային դիստրիբյուցիայի իրականացման պայմանագիրը:
Հայկական պատվիրակության գործունեությունը ապահովելու համար Կինոկենտրոնը Marche du Film կինոշուկայում վարձակալել էր տաղավար՝ ժամանակակից ձևավորումով, որը հայ անկախ պրոդյուսերների գործունեության համար գործնական հարթակ էր և հնարավորություն՝ կազմակերպելու համար հանդիպումներ կինոարտադրության ոլորտի գործընկերների հետ համարտադրության հնարավորություններ գտնելու նպատակով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-ից սկսել էր իր աշխատանքները՝ միջազգային գործընկերների հետ տեղի ունենցած բազմաթիվ հանդիպումներով, որոնցից ներկայացնում ենք ամենակարևորները.
●Հանդիպում Եվրոպայի Խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանի, գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի հետ: Հստակեցվել են Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակներում նրանց Հայաստան այցելության օրերը (ս/թ հոկտ. 25-26) և այցի ծրագիրը:
●Հանդիպում Վենետիկի միջազգային կինոփառատոնի Venice Classics բաժնի ղեկավար Ֆեդերիկո Ջիրոնիի հետ քննարկվել են ս/թ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը հայկական դասական ֆիլմի ներկայացման պայմանները: Բանակցությունների արդյունքում ակնկալվում է կինոկենտրոնի առաջարկած երկու ֆիլմերից որևէ մեկը Venice Classics բաժնում ընդգրկելու համար (ռեժիսոր Արման Մանարյանի «Հեղնար աղբյուր» (1970թ.) և «Կարինե» (1967թ.)):
●«Բեռլին կլասիկ» բաժնի ղեկավար Ռեյներ Ռոթերի հետ քննարկվել է 2024թ. Բեռլինի միջազգային կինոփառատոնին հայ դասական ֆիլմ ներկայացնելու հարցերը: Առաջարկվել է Դմիտրի Կեսայանցի «Աղետ» ֆիլմը:
●Ասիական Խաղաղօվկիանոսյան մրցանակաբաշխության ներկայացուցիչ Շիրի Ռամաժի հետ (APSA Awards, մրցանակաբաշխության) քննարկվել է հայ պրոդյուսերների համագործակցության հնարավորությունը ասիական ակադեմիայի կինոֆոնդի հետ (Asia Pacific Film Fund):
●Հայաստանի և Ֆրանսիայի կինոկենտրոնների ղեկավարների հանդիպում․ CNC-ի միջազգային գծով փոխտնօրեն Միշել Պլազանեի և միջազգային կապերի ղեկավար Ջերեմի Կեսլերի հետ հստակեցվել են սկսնակ, շնորհալի սցենարիստների 2-3-ամսյա սցենարական դասընթացների անցկացման պայմանները՝ հատուկ Հայաստանի երիտասարդ սցենարիստների համար:
●Ֆիլմերի հետարտադրական և վերականգնման ծառայություններ մատուցող աշխարհի ամենախոշոր կազմակերպություններից մեկի՝ «Պրասադ կորպորեյշնի» ներկայացուցիչ Պյոտր Ռիժենկովի հետ քննարկվել են հայ դասական ֆիլմերի վերականգնման հնարավորությունները, իրենց կողմից խորհրդատվական աջակցությունը՝ Հայաստանում կինոլաբորատորիա ստեղծելու համար: «Պրասադ կորպորեյշնը» ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում և ներկայումս առավել ուշադրություն է դարձվում հետխորհրդային երկրների, այս դեպքում Հայաստանի հետ համագործակցությանը:
●Հայկական պատվիրակությունը մասնակցել է մայիսի 20-ին Կաննի Միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկայում կայացավ Եվրոպական Աուդիովիզուալ օբսերվատորիայի «Եվրոպական կինոյի սեկտոր. ճանապարհները բաժանվո՞ւմ են» խորագրով կոնֆերանսին:
●Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Մոնտենեգրոյի Կինոկենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Բոժովիչը ստորագրել են համատեղ համագործակցության հուշագիր:
Մայիսի 20-ին Կինոշուկայի Palais C կինոդահլիճում ցուցադրվել է պետական ֆինանսավորում ստացած հետևյալ 6 վավերագրական ֆիլմերի՝ «Հինգ երազողները և ձին», (ռեժ. Վ. Խաչատրյան, Ա, Մալաքյան), «Պայքար» (ռեժ. Լ. Մովսիսյան) «Մել» (ռեժ. Ի.Սահակյան, Պ. Կոհեն), «Թեզետա» (ռեժ. Ա. Գալայճյան, Գ. Պապոյան), «Նկարչի երեք գերեզմանները» (ռեժ. Հ. Խաչատրյան), «Թոնրատուն» (ռեժ. Ի.Մխիթարյան) հատվածներ՝ դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, հեռարձակողների և փառատոների ներկայացուցիչների համար:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը