Հունիսի 19 2025
Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ արժևորելով մշակութային նախաձեռնությունների դերը հասարակության տարբեր խմբերի համար, շարունակում է իր համագործակցությունը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ' մի շարք քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են հատուկ ցուցադրություն-միջոցառումներ։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արև» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա և անդրադառնում է հայկական գյուղական ընտանիքում ծնող-զավակ փոխհարաբերությունների բարդություններին, դրանց մեջ ծագող հակասություններին ու հաղթահարման ուղիներին։ Ցուցադրությունից հետո Հայաստանի կինոյի հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գոհար Սարգսյանը ներկայացրել է ֆիլմի ստեղծման գործընթացը, նկարահանման ընթացքում տեղի ունեցած ուշագրավ դրվագները։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ ֆիլմում բարձրացված թեմաների շուրջ։
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը՝ անդրադառնալով ևս մեկ հայկական ընտանիքի պատմությանը՝ հուզիչ, մարդկային և հիշողություններով հարուստ տեսանկյունից։
Ֆիլմն ինքնակենսագրական է՝ հիմնված Ալբերտ Մկրտչյանի կյանքի և նրա եղբոր՝ անվանի դերասան Մհեր Մկրտչյանի ընտանիքի պատմության վրա։ Ցուցադրությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հայաստանի կինոյի հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Աղումյանը ներկայացրել է հետաքրքիր դրվագներ ֆիլմի նկարահանումներից, ինչպես նաև զուգահեռներ անցկացրել Մհեր Մկրտչյանի կյանքի ու կինոնկարի սյուժեի միջև։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ընտանիքի գունեղ կոլորիտին, կնոջ դերակատարությանը, ինչպես նաև՝ անձի վերասոցիալականացման հնարավոր ուղիներին։
Այս նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ, և Հայաստանի կինոյի հիմնադրամը նախատեսում է այն իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ ընդլայնելով գործընկեր կառույցների և թիրախային խմբերի շրջանակը։ Ծրագրի նպատակն է՝ կինոյի միջոցով նպաստել սոցիալական ինտեգրմանը, ինքնաճանաչմանն ու մշակութային արժեքների տարածմանը։ Առաջիկայում նախատեսվում են նոր ցուցադրություններ, քննարկումներ և համագործակցային ձևաչափեր՝ այն հաստատություններում, որտեղ կինոն կարող է դառնալ հաղորդակցության, զգայական վերապրման և նոր հնարավորությունների բացման հարթակ։
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը